Բարձր խոլեսթերինի հետևանքները
Բարձր խոլեսթերինը մեծացնում է առողջական խնդիրների` սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի ռիսկը, ինչն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից է:
Խոլեսթերինն անհրաժեշտ է օրգանիզմին բջիջներ կառուցելու, վիտամիններ և այլ հորմոններ արտադրելու համար: Այն վատ չէ, քանի դեռ չափից շատ չէ:
Խոլեսթերինը գալիս է երկու աղբյուրից. օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ խոլեսթերինն արտադրում է լյարդը: Օրգանիզմում խոլեսթերինի մնացորդն առաջանում է կենդանական ծագման սննդից: Օրինակ՝ միսը, թռչնամիսը և կաթնամթերքը պարունակում են սննդային խոլեսթերին:
Այդ նույն մթերքները կարող են նաև հարուստ լինել տրանսճարպերով. այս ճարպերը կարող են ավելացնել օրգանիզմում խոլեսթերինը, ինչը շատ մարդկանց համար նշանակում է անցում նորմալ խոլեսթերինի մակարդակից` անառողջ մակարդակի:
Որոշ արևադարձային յուղեր` արմավենու յուղը, արմավենու միջուկի յուղը և կոկոսի յուղը, պարունակում են հագեցած ճարպեր, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեսթերինը: Այս յուղերը հաճախ հանդիպում են հացաբուլկեղենի մեջ:
Խոլեսթերինի երկու տեսակներն են՝ «ՑԽԼ/LDL» («վատ») և «ԲԽԼ/HDL» («լավ»): «Վատ» տեսակների չափից շատ կամ «լավ» տեսակների անբավարար քանակությունը մեծացնում է խոլեսթերինի կուտակման ռիսկը զարկերակների ներքին պատերում:
Եթե բարձր խոլեսթերինը չբուժվի, կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝
♦ սրտանոթային հիվանդություններ
♦ կաթված
♦ շաքարային դիաբետ
♦ զարկերակների հիվանդություն
♦ արյան բարձր ճնշում:
Կան մի շարք գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի վրա`
♦ անառողջ սննդակարգ
♦ ֆիզիկական ակտիվության բացակայություն
♦ ծխելը կամ ծխախոտի ծխի ազդեցությունը
♦ ավելորդ քաշ կամ գիրություն:
Ինչքան շատ են ռիսկի գործոնները և ծանր, այնքան բարձր է առողջությանը սպառնացող վտանգների ռիսկը:
♦ Ստուգե՛ք, կառավարե՛ք և վերահսկե՛ք խոլեսթերինի մակարդակը` առողջական ռիսկերից խուսափելու համար:
♦Առաջին քայլը խոլեսթերինի ստուգումն է:
♦ Փոխե՛ք ապրելակերպի սովորությունները. հիշե՛ք առողջ և հավասարակշռված սնվելու, ֆիզիակական ակտիվություն պահպանելու մասին:
♦ Ծխախոտի օգտագործումից հրաժարվելով` կարող եք վերահսկել ձեր խոլեսթերինը: