• 10 Jul 24

    Բարձր խոլեսթերինի հետևանքները


    Բարձր խոլեսթերինը մեծացնում է առողջական խնդիրների` սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի ռիսկը, ինչն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից է:

    Խոլեսթերինը մոմանման նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին բջիջներ կառուցելու, վիտամիններ և այլ հորմոններ արտադրելու համար: Այն վատ չէ, քանի դեռ չափից շատ չէ:

    Խոլեսթերինը գալիս է երկու աղբյուրից. օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ խոլեսթերինն արտադրում է լյարդը: Օրգանիզմում խոլեսթերինի մնացորդն առաջանում է կենդանական ծագման սննդից: Օրինակ՝ միսը, թռչնամիսը և կաթնամթերքը պարունակում են սննդային խոլեսթերին:

    Այդ նույն մթերքները կարող են նաև հարուստ լինել տրանսճարպերով. այս ճարպերը կարող են ավելացնել օրգանիզմում խոլեսթերինը, ինչը շատ մարդկանց համար նշանակում է անցում նորմալ խոլեսթերինի մակարդակից` անառողջ մակարդակի:

    Որոշ արևադարձային յուղեր` արմավենու յուղը, արմավենու միջուկի յուղը և կոկոսի յուղը, պարունակում են հագեցած ճարպեր, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեսթերինը: Այս յուղերը հաճախ հանդիպում են հացաբուլկեղենի մեջ:

    Խոլեսթերինի երկու տեսակներն են՝ «ՑԽԼ/LDL» («վատ») և «ԲԽԼ/HDL» («լավ»): «Վատ» տեսակների չափից շատ կամ «լավ» տեսակների անբավարար քանակությունը մեծացնում է խոլեսթերինի կուտակման ռիսկը զարկերակների ներքին պատերում:

    Եթե բարձր խոլեսթերինը չբուժվի, կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝

    ♦ սրտանոթային հիվանդություններ

    ♦ կաթված

    ♦ շաքարային դիաբետ

    ♦ զարկերակների հիվանդություն

    ♦ արյան բարձր ճնշում:

    Կան մի շարք գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի վրա`

    ♦ անառողջ սննդակարգ

    ♦ ֆիզիկական ակտիվության բացակայություն

    ♦ ծխելը կամ ծխախոտի ծխի ազդեցությունը

    ♦ ավելորդ քաշ կամ գիրություն:

    Ինչքան շատ են ռիսկի գործոնները և ծանր, այնքան բարձր է առողջությանը սպառնացող վտանգների ռիսկը:

    ♦ Ստուգե՛ք, կառավարե՛ք և վերահսկե՛ք խոլեսթերինի մակարդակը` առողջական ռիսկերից խուսափելու համար:

    ♦Առաջին քայլը խոլեսթերինի ստուգումն է: Հետազոտությունը պետական պատվերի շրջանակներում կատարվում է առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:

    ♦ Փոխե՛ք ապրելակերպի սովորությունները. հիշե՛ք առողջ և հավասարակշռված սնվելու, ֆիզիակական ակտիվություն պահպանելու մասին:

    ♦ Ծխախոտի օգտագործումից հրաժարվելով` կարող եք վերահսկել ձեր խոլեսթերինը:

    ♦ Խոսե՛ք ԱԱՊ բժշկի հետ` բուժման լավագույն պլանն ընտրելու, վերը նշված հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։